Բավ է պառակտվել
13-06-2014 12:33

Վերնիսաժի կրակոցների մեջ մեղադրվող Վալերի Հովհաննիսյանը տուժող է, ոչ թե մեղադրյալ. փաստաբան

2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով անցնող Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը տվյալ գործում պետք է որպես տուժող անցնի, այնինչ նա այս պահին վկա է:

Նա նշել է, որ այդ կրակոցներից տուժել է նաև Վալերի Հովհաննիսյանը, քանի որ 2 հրազենային վնասվածք է ստացել: Անցել է շուրջ մեկ ամիս, բայց Վալերի Հովհաննիսյանը տուժող չի ճանաչվում:
՛՛ Տուժող պետք է ճանաչվի նաև Վալերի Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի՝ Վալերի Հովհաննիսյանը վիրավորվելու պահին գտնվել է հորը պատկանող մեքենայի մեջ: Այն լուրերը, թե Վալերի Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել դրսում, մեղմ ասած՝ ճիշտ չէ՛՛,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը:

Ըստ փաստաբանի կրակոցներից հետո մեքենան անհետացել է, մինչև մեքենան չհայտնաբերվի, հստակ ոչինչ չեն կարող ասել:

Փաստաբանը անհանգստացած է, քանի որ կարող է սուբյեկտիվ գործառույթներ տեղի ունենալ, և պարտադիր համարեց անհետացած մեքենայի հայտնաբերումը:

Լևոն Բաղդասարյանը վկայակոչեց քրեական օրենքի 54 հոդվածը, ըստ որի տուժող է ճանաչվում այն անձը, ում հասցվել է մարմնական կամ գույքային վնաս:

Հարցին, թե ճիշտ են խոսակցությունները, որ Վալերի Հովհաննիսյանը քրեական հեղինակություն է, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.
՛՛Ասում են, որ քրեական հեղինակություն է, այդ մասին մամուլից եմ տեղեկացել, բայց դա ինձ չի էլ հետաքրքրում, ես նրան այդ մասին չեմ հարցրել՛՛:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իր վստահորդը 29 տարեկան է, այս պահին ստացիոնար բուժում է ստանում, պատրաստվում է երկրորդ վիրահատության. եկել է Մոսկվայից:

Եզրափակելով իր խոսքը՝ փաստաբանն ասաց, թե նմանօրինակ դեպքերը պետք է հասցնել նվազագույնի. Հայաստանի քաղաքացին պետք է ազատ տեղաշարժվելու իրավունք ունենա:
՛՛Հավատը նախաքննության մարմինների նկատմամբ պակասել է, բայց ես հավատում եմ, որ այդ հարցը կկարգավորվի: Մենք ունենք միմյանց հարգելու խնդիր, չենք կարող ասել, թե վաղը, մյուս օրը Երևանում նմանատիպ խնդրի չենք հանդիպի: Ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն լինի, որպեսզի հետագայում զերծ մնանք նմանատիպ դեպքերից՛՛,- ասաց Լևոն Բաղդասարյանը: