Բավ է պառակտվել
08-06-2015 15:00

Վահանում թունավոր թութը Վերին Արտաշատ գյուղի բնակչն է վաճառել.ՍԱՊԾ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից:

ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ տեղափոխող մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկներ: Ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վարակի աղբյուրը բացահայտելու համար»: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է՝ առողջացման միտումով: