18-07-2016 12:38

Զինված անձինք շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի. ոստիկանություն

Նախօրեին ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված անձինք շարունակում են պատանդ պահել հինգ ոստիկանի, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն, իրավիճակը մնում է նույնը։ Բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը։

«Ազատ արձակված ոստիկանը ՊՊԾ–ի աշխատակից է, ավելին չեմ կարող ասել», – նշեց նա։

Պողոսյանը նաև ավելացրեց, որ հիմա իրավապահ կառույցները շարունակում են իրականացնել համապատասխան օպերատիվ–հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ, որոնց մասին տեղեկատվությունը կտրամադրվի պատշաճ ժամկետներում։

Հուլիսի 17-ի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։