Բավ է պառակտվել
16-12-2015 10:57

Երևանում ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները՝ ավելացել

2014-ին 2013-ի համեմատ ավելացել են և ամուսնությունների, և ամուսնալուծությունների թիվը: Ազգային Վիճակագրական ծառայության պաշտոնական էջում հրապարակվել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2015թ.»-ն: Ըստ դրանում ներառված տվյալների, Հայաստանում 2013-ին գրանցվել է 18 363 ամուսնություն, իսկ 2014-ին՝ 18 912 (1000 բնակչի հաշվով՝ 6.3): 2013-ին ամուսնալուծությունները կազմել են 3 756, իսկ 2014-ին՝ 4 496 (1000 բնակչի հաշվով՝ 5.1): 2004-ից ի վեր ամուսնալուծությունների ամենամեծ թիվը գրանցվել է նախորդ տարի, համեմատության համար նշենք, որ 2004-ին գրանցվել է ամուսնալուծության 1 968 ակտ, 2008-ին՝ 3 031, 2012-ին՝ 3 250, 2013-ին՝ 3 756: Մայրաքաղաք Երևանում նախորդ տարի՝ 2013-ի համեմատ ամուսնությունների թիվը զգալիորեն նվազել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել: Այսպես, 2013-ին Երևանում գրանցվել է ամուսնության 7 007 ակտ, 2014-ին՝ 6 886 (1000 բնակչի հաշվով՝ 6.4, նախորդ տարվա 6.6-ի փոխարեն): 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 1 642 ակտ, նախորդ տարի՝ 1 683 (1000 բնակչի հաշվով՝ 1.6, նախորդ տարվա 1.5-ի փոխարեն): 1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Լոռիում՝ 2.8, առավել ցածր՝ Գեղարքունիքում, 0.7: 1000 բնակչի հաշվով ամուսնությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռիում՝ 7 և Կոտայքում՝ 7: Ամուսնությունների առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Տավուշում՝ 5: ԱՎԾ-ից մանրամասնում են, որ ամուսնության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1 000 բնակչի հաշվով: Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնալուծությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1 000 բնակչի հաշվով: Նշվում է, որ Հայաստանում կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքն առաջին երեխայի ծննդյան և ծննդյան ժամանակ: