Բավ է պառակտվել
07-11-2014 10:27

Սպանություն Երևանում

Նախօրեին ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված թիվ 1 տանը վիճաբանություն է տեղի ունեցել Ա.Պարսամյանի, Ս.Հարությունյանի և Ա.Ազատյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա.Պարսամյանին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: