15-10-2014 19:40

Անրի Վերնոյի անունը կրող փողոցի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2015 թվականին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երևանում և առերես քննարկել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները. «Ըստ էության, մենք պատրաստ էինք արդեն այսօր կատարել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացումը: Սակայն հաշվի առնելով, որ հանդիսավոր բացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ֆրանսիական կինոյի մի շարք հայտնի գործիչներ, Անրի Վերնոյի բազմաթիվ ընկերներ ու երկրպագուներ, ինչպես նաև Ձեր քույրերն ու եղբայրները, մենք որոշեցինք այն տեղափոխել հաջորդ տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության, ինչպես նաև Անրի Վերնոյի անվամբ փողոց անվանակոչելու նախաձեռնության համար, Պատրիկ Մալաքյանն իր հերթին նշել է, որ քաղաքապետն իսկապես ճիշտ որոշում է կայացրել՝ հատկապես հաշվի առնելով, որ Անրի Վերնոյն իրոք համաշխարհային կինոյի մեծություններից մեկն է ու հայրենիքում նրա անվան փողոցի հանդիսավոր բացմանը մասնակցելու բազմաթիվ անձանց ցանկությունն, անշուշտ, պետք է հարգվեր:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևան քաղաքում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։