Բավ է պառակտվել
24-06-2015 15:26

Բացվեց տարածաշրջանում առաջին տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիան

Երևանի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիայի բացումը, որին ներկա էր ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Լաբորատորիան կառուցվել է նախարար Ա. Երիցյանի հանձնարարականով և ունի տարածաշրջանային նշանակություն: Այն հնարավորություն է ընձեռում փորձարկել շինարարական տարբեր նշանակության ապրանքներ, հակահրդեհային նյութեր, ներկեր, յուղեր, ապակիներ, պատուհաններ, լամինատե հատակներ և այլն: Լաբորատորիայում կփորձարկվեն նաև վերելակային անվատանգության 100-ից ավելի սարքավորումներ: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը տեղեկացրեց, որ լաբորատորիայի բացումը կարևոր իրադարձություն է, քանի որ Հարավային Կովկասում այն առաջինն է: - Մինչ օրս Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն աշխատանքներն իրականացրել է շարժական լաբորատորիաների միջոցով, ինչը հնարավորություն չէր տալիս իրականացնել հակահրդեհային նորմերին համապատասխան տարատեսակ նյութերի փորձարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փորձարկվում էին արտերկրում: Լայն առումով տարածաշրջանում նմանատիպ լաբորատորիաներ կան միայն Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում, սակայն դրանցում աշխատանքները կատարվում են մեխանիկական սկզբունքներով: Մեր լաբորատորիայի առավելությունն այն է, որ այն գործում է ամբողջովին ավտոմատ համակարգով, – նշեց Վ. Հովսեփյանը: Տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Փորձարկման սրահը SOS ազդանշանային համակարգով միացված է 911 ծառայությանը: Լաբորատորիայում ստեղծվել է հյուրանոցային դռների փորձարկման կետ: Միջազգային չափանիշներով՝ հյուրանոցների դռները հրդեհի դեպքում պետք է 30 րոպե դիմանան մինչև 800 աստիճան ջերմության, որը հնարավորություն է տալիս նվազեցնել հրդեհի տարածման հավանականությունը: Լաբորատորիայում փորձարկում կանցնեն նաև հատուկ նշանակության և պետական կառույցների դռները և պատուհանները:

- Նախկինում դռները փորձարկելու համար մեր երկրի քաղաքացիները ստիպված էին դիմել ՌԴ-ին, հիմա այդ հնարավորությունը կա նաև Հայաստանում: Ավելին, տարածաշրջանի պետություններն այժմ կարող են իրենց փորձարկումների համար դիմել ՀՀ-ին, - տեղեկացրեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Նախարար Ա. Երիցյանի ներկայությամբ լաբորատորիայում տեղի ունեցավ Երևանի հյուրանոցներից մեկի հակահրդեհային նորմերին համապատասխանող սենյակային դռան փորձարկում, որը 30 րոպե դիմացավ 800 աստիճան ջերմության: