Բավ է պառակտվել
08-10-2014 15:02

Մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային խորհրդաժողովը

Այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները եւ բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ-երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները: 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո եւս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը: Մենք կարեւորում ենք «Հետ-2015» ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները եւ հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ եւ ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը»,-ասաց նա:
Լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով. «Մենք մեկ տարի շարունակ քննարկելու ենք՝ 2015 թ. բուն միջոցառմանը նախապատրաստվելու համար, որի ընթացքում արդեն կնախանշվեն աշխարհի զարգացման տեսանկյունից առավել նպատակահարմար համարվող գաղափարները եւ թիրախները»:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության ղեկավար Ջոն-Մարի Կաուզյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի եւ միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության վերահսկիչ կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան:
Հոկտեմբերի 8-10-ն անցկացվող միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ: