Բավ է պառակտվել
02-04-2015 09:56

ՀՀ Զինված ուժերում զինվորական բնույթի հանցագործությունները նվազել են

Հայաստանի Զինված ուժերում և այլ զորքերի զորամասերում 2014 թվականին արձանագրվել է 3,728 դեպք, ինչը նախորդ տարվա դեպքերի քանակից քիչ է 304-ով կամ 7.5%-ով: Արձանագրված դեպքերից 2578-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1,150-ը` հանցագործություններ, այդ թվում` 746-ը զինվորական բնույթի, իսկ 404-ը ընդհանուր բնույթի հանցագործություններ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության ծրագրից, որը ներկայացվել է Ազգային ժողով և հավանաբար հաջորդ քառօրյայում քննարկման կդրվի: 2014-ին, 2013-ի համեմատ, զինվորական բնույթի հանցագործությունները նվազել են. 2013-ին գրանցվել է 766 դեպք, այսինքն 20-ով պակաս: Իսկ այլ հանցագործություններն աճել` 36-ով կամ 9.8%-ով. 2013-ին գրանցվել էր 368 դեպք: 2013-ի համեմատ 2014-ին, ըստ ներկայացված ծրագրի, պատահարները նվազել են 305 դեպքով: Եթե 2013թ. ընթացքում արձանագրված 1,134 հանցագործությունից 114-ը կամ 10.6%-ն է եղել ծանր և առանձնապես ծանր, որոնցից 83-ը` ծանր, իսկ 31-ը` առանձնապես ծանր, ապա 2014թ. արձանագրված 1,150 հանցագործությունից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ եղել է 187-ը կամ 16.3%-ը, որոնցից 116-ը` ծանր, 71-ը` առանձնապես ծանր: Այսինքն` 2013-ի համեմատ ծանր հանցագործություններն աճել են 33-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները` 40-ով: