Բավ է պառակտվել
17-03-2015 12:41

Վիլնյուսում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ-ի լրատվական ծառայությունը։ Ցուցանմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտիենեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան, Ցեղասպանության զոհերի թանգարանի տնօրեն Թերեզե Բիրուտե Բուրաուսկայտեն, ինչպես նաև Լիտվայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ: Ցուցահանդեսի բացմանն ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն, Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ Ալգիս Կաշետան: ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման: Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. մեկուկես միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ հայ էր: ԱԺ փոխնախագահի խոսքով` սա ռասիզմի և այլատյացության դասական օրինակ է: Նա արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված է եվրոպական մամուլի արձագանքը, որը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: ԱԺ փոխնախագահը նշել է, որ քաղաքակիրթ հանրությունը պետք է դատապարտի մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը և հանուն արդարության թույլ չտա, որ ոճրագործները մնան անպատիժ, իսկ ցեղասպանության իրավահաջորդները` անհատույց: