24-10-2016 14:02

Նոր Մոսկվայում 2 հայերի սպանության մեջ կասկածվողը հայ է

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Նոր Մոսկվայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնեցին, որ նախնական տվյալներով, 43-ամյա Էդուարդ Նշանյանին ու 46-ամյա Արմեն Իսրայելյանին սպանելու մեջ կասկածվում է հայազգի տղամարդը, որի անունը դեռ չի հրապարակվում։ Նա հետախուզման մեջ է։ Ճշտվում են կատարվածի հանգամանքները:

Նշենք, որ սպանվածները ծնունդով երեւանցիներ են, Ռուսաստանում նրանք մշտական աշխատանք չունեին եւ վարձով բնակվում էին հայի տանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 23–ին Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը: