Բավ է պառակտվել
17-10-2016 16:56

ՌԴ-ում ավտոբուսի վթարի գործով որպես կասկածյալ հարցաքննել են բեռնատարի վարորդին. ՔԿ

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, եւ քննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։

Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը դեպքի վերաբերյալ՝ Քննչական կոմիտեն տրամադրում է որոշ տեղեկություններ ՌԴ իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել է ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասը բախվել է առջեւում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով մահացել է ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ), ստեղծվել քննչական խումբ։ Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, նրանց թվում՝ ավտոբուսի 26 ուղեւոր։ Քրեական գործով հարցաքննվել է նաեւ «Սկանիա R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ որպես կասկածյալ։

Նախաքննությունը շարունակվում է։