Բավ է պառակտվել
25-01-2016 12:05

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Երևան-Մեղրի (168-220 կմ), Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները: Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ և Արագած-Ծիլքար ավտոճանապարհներին առկա է ցածր տեսանելիություն և բուք:
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան գյուղական համայնքում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Ծաղկահովիտ գյուղական համայնքում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Սևան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի (բացի Սիսիան քաղաքից) և Տավուշի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ջերմուկ-Սարավան ավտոճանապարհին բուք է:
Սևան-Գավառ և Երևան-Թալին ավտոճանապարհներին (60-65-րդ կմ) առկա է մառախուղ:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: