Բավ է պառակտվել
14-04-2016 11:50

Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում կա 7 հայ

Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Լեոնիդ Միխելսոնը։ Ի դեպ, վերջինս դիրքերը բարելավել է 6 հորիզոնականով։

Իսկ նախորդ տարվա ամենահարուստ գործարար Վլադիմիր Պոտանինն այս տարի 4-րդ հորիզոնականում է։

Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունը 13.3 մլրդ դոլար է։

Անդրադառնալով Forbes-ի ցուցակում ընդգրկված հայերին՝ հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակի ամենատարբեր հորիզոնականներում է գտնվում 7 հայ գործարար։ Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր 48-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 17-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ նա զիջել է դիրքերը 2 հորիզոնականով։ Նրա կարողությունը 5.7 մլրդ դոլար է, անցած տարվա ընթացքում կորցրել է 2.6 մլրդ դոլար։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը փոքր- ինչ զիջել է դիրքերը՝ նախորդ տարվա 26-րդ հորիզոնականի փոխարեն հայտնվելով 28-րդ տեղում։ 50-ամյա գործարարի կարողությունը 3.1 մլրդ դոլար է, 2015 թվականի ընթացքում կորցրել է 0.9 մլրդ դոլար։

Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով նախորդ տարվա նման զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը. նրա կարողությունը գնահատվում է 1.4 մլրդ դոլար, կորուստը կազմել է 0.2 մլրդ դոլար։

«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 47-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը 92-րդ հորիզոնականից տեղափոխվել է 81-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում չի փոփոխվել. կորուստներ չի ունեցել, աճ՝ նույնպես։ Նրա կարողությունը գնահատվում է 0.95 մլրդ։

Վարդանյանին հաջորդում է 45-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 105-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

«Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող հայազգի Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներն անկում են գրանցել։ «Ռեսո Գրուպ»-ի 47-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.2 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 0.7 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 124-րդ հորիզոնականը։ Իսկ 125-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 56-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.7 մլրդ դոլար է։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակին, ապա այն ունի հետևյալ դասավորությունը.

1. Լեոնիդ Միխելսոն («Սիբուր», «Նովատեկա»)՝ 14.4 մլրդ դոլար,
2. Միխայիլ Ֆրիդման («Ալֆա Գրուպ» )՝ 13.3 մլրդ դոլար,
3. Ալիշեր Ուսմանով («Մետալինվեստ», Mail.ru Group, «Մեգաֆոն»)՝ 12.5 մլրդ դոլար,
4.Վլադիմիր Պոտանին («Ինտերռոս», «Նոռնիկել»)՝ 12.1 մլրդ դոլար,
5. Գենադի Տիմչենկո («Նովատեկ»)՝ 11.4 մլրդ դոլար,
6. Ալեքսեյ Մորդաշով («Սևերստալ»)՝ 10.9 մլրդ դոլար
7.Վիկտոր Վեքսելբերգ («Ռուսալ»)՝ 10.5 մլրդ դոլար,
8. Վլադիմիր Լիսին («Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ»)՝ 9.3 մլրդ դոլար,
9. Վագիտ Ալեքպերով («Լուկօյլ»)՝ 8.9 մլրդ դոլար,
10. Գերման Խան («Ալֆա բանկ», Dea, Vimpelcom, X5 Retail group)՝ 8.7 մլրդ դոլար։