Բավ է պառակտվել
31-05-2016 08:57

Քյարամ Սլոյանի դպրոցում ՆԶՊ կաբինետը կոչվել է նրա անունով

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում  տեղի է ունեցել նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ:
Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի:

 

​Անվանակոչված կաբինետում բացվել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Սևակը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը և Անդրանիկ Զոհրաբյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտպանական մարտը։ Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին: