Բավ է պառակտվել
26-09-2016 14:44

Ռուսաստանում սպառազինությունից հանվել են Սու-24 ռմբակոծիչները

2016 թվականի օգոստոսի վերջին Ռուսաստանում ավարտվել է Սու-24 ռմբակոծիչների շահագործումը նախնական տարբերակով (առանց ինդեքսում լիտերի):  Սու-24-ը, որը պատկանում է 43-րդ առանձնակի ծովային գրոհային ավիագնդին, վերջին թռիչքն իրականացրել է 2016 թվականի օգոստոսի 31-ին: ՌՏՈՒ-ի եւ նավատորմի ավիացիայի կազմում մնում են Սու-24Մ եւ ՄՌ ինքնաթիռները:

Ռմբակոծիչ ավիագնդերի հիմնական մասում բնօրինակ Սու-24-ները պահպանության են հանձնվել 1990-2000 թվականներին, սակայն Սեւծովյան նավատորմի ավիացիայի վերազինումը ուշանում էր քաղաքական պատճառներով, որովհետեւ Կիեւը համաձայնություն չէր տալիս Ղրիմի զորամասերում գտնվող ինքնաթիռների փոխարինմանը: Ղրիմի միացումից հետո գնդի կազմում սկսեցին հայտնվել Սու- 24Մ եւ Սու-30ՍՄ ինքնաթիռներ:

Վերջին օդ բարձրացած Սու-24-ը (համարը` «03 սպիտակ», գրանցման համարը` RF-33775, գործարանային համարը` 2415309) 1981-ին կառուցվել է Նովոսիբիրսկի Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումում: Այդ տեսակի ինքնաթիռների սերիական արտադրությունն ընթացել է 1972-ից մինչեւ 1983 թվականը, դրանք մատակարարվել են միայն ՌՕՈՒ-ին եւ ԽՍՀՄ ՌԾՈՒ-ին: 1970-ականներին սերիայի մեջ է մտել Սու-24Մ արդիականացված տարբերակը, որը ներկայումս ռուսական ռազմաճակատային ավիացիայի հարվածային ինքնաթիռ է, ինչպես նաեւ արտահանվում է:

Ներկայումս այդ տեսակի ինքնաթիռները եւս աստիճանաբար հանվում են կազմից` փոխարինվելով Սու-34 ռմբակոծիչներով եւ բազմաթիրախային Սու-30ՍՄ կործանիչներով: