Բավ է պառակտվել
08-02-2016 17:11

Ռուսաստանում հայուհուն անդամահատել ու սպանել են պարտքի պատճառով

ՌԴ Ստավրոպոլի շրջանի Գեորգիևսկ քաղաքում ուրբաթ օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ժամանակ մարդիկ պահանջել են օբյեկտիվ քննություն իրականացնել տեղի բնակչուհի, հայ կնոջ դաժան սպանության վերաբերյալ։
Նախնական տեղեկություններով՝ Լուսինեին անդամահատել և սպանել է նրա գործընկերուհին՝ իր բարեկամուհու հետ։ Սպանության պատճառ է դարձել պարտքը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ «Հարյուրից ավելի քաղաքացիներ հավաքվել էին, որպեսզի իրավապահ մարմիններից պահանջեն բազմազավակ մայր Լուսինեի դաժան սպանության օբյեկտիվ քննություն։ Որպեսզի մեղավորները խստորեն պատժվեն»,- պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։
3 երեխաների մայր Լուսինե Առուստամյանը Ամանորից առաջ անհետ կորել էր։ Հունվարի 11-ին հայտնաբերվել էր նրա մասնատված դին՝ Պոդկումոկ գետի հատակին։ Քննիչների կարծիքով՝ երիտասարդ կնոջ դաժան սպանությունը կազմակերպել է նրա բիզնես-գործընկերուհին։ Կանայք առևտրով էին զբաղվում։ Աիդա անունով կինը պարտք է եղել Լուսինեին 600 հազար ռուբլի և որպեսզի չվերադարձնի այն, սպանել է վերջինիս: Սպանության հարցում Աիդային օգնել է նրա բարեկամուհին՝ Անժելա անունով, ով տեղի կենտրոնական հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի վարիչն է։
Ներկայում Անժելան վկայի կարգավիճակում է, ողջ մեղքը իր վրա է վերցրել Աիդան։ Նա ասում է, որ միայնակ է դանակահարել ու անդամահատել Լուսինեին։ Սակայն Գեորգիևսկի բնակիչները վստահ են, որ Անժելան եւս մասնակից է սպանությանն ու այդ պատճառով էլ բողոքի ակցիաներ են իրականացնում։ «Հանցագործության մեջ նրա մասնակցությունն ակնհայտ է, իսկ նա շարունակում է աշխատել, ասես ոչինչ չի եղել»,- ասում են Լուսինեի բարեկամները։