25-04-2015 08:11

Ի հարգանս Ցեղասպանության Նահատակների՝ հիշատակի քայլերթ Հռոմում (լուսանկարներ)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր քայլերթի են դուրս եկել տեղի հայերը: Այս կապակցությամբ «Հռոմի և Լացիոյի հայ համայնքի միության» կողմից  փոխանցված հաղորդագրության մեջ ասվում է. «Ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում ապրիլի 24-ին Հռոմ քաղաքում կազմակերպվել է քայլերթ, որի մեկնարկը տրվել է Հռոմի Պորտա Պիա հրապարակից, իսկ ավարտին միջոցառման մասնակիցները միացել են Հռոմի Սուրբ Նիկողայոսի եկեղեցում կազմակերպված Հիշատակման Պատարագին և Ցեղասպանության Զոհերի հուշարձանի մոտ մասնակցել են մոմավառության՝ ի հիշատակ Սրբադասված Նահատակների:

Քայլերթը կրում էր «Յիշատակի Քայլեր» խորագիրը և կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռոմի կոմիտեի կողմից:  Այսպիսով հիշատակի քայլերթը դարձավ ցույց ՀԱՆՈՒՆ, այլ ոչ թե ԴԵՄ սկզբունքի՝ ի դեմս հանդուրժողականության և գոյակցության սկզբունքների, որոնք կազմում են եվրոպական հասարակության հիմքը:Նախաձեռնությունը ստացավ մեծ արձագանք և քսանից ավելի կազմակերպություններ մասնակցության ցանկություն և կամք ցուցաբերեցին: