22-12-2014 14:14

Նախագահականում 300 երեխաներ նվերներ եւ շնորհավորանքներ ստացան

Երեւանի հանրակրթական դպրոցների 9-12 տարեկան մի քանի հարյուր երեխաներ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նախագահական նստավայրում էին՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը: Երեխաները մեկ ժամ անցկացրին հեքիաթների հերոսների հետ, այնուհետեւ նրանց այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը եւ նվերներ բաժանեցին:

«Միջոցառման նպատակն այն է, որ փոքր երեխաները կարողանան այցելել, տեսնել նստավայրը եւ այստեղ ստանալ շնորհավորանքներ եւ նվերներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գեւորգյանը՝ նշելով, որ այսօրվանից մեկնարկում է Նախագահի նստավայրում երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումների շարքը: Նախագահի նստավայրում դեկտեմբերի 24-25-ին կհյուրընկալվեն սահմանամերձ գյուղերի, Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաները, զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վերտերանների եւ զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ ԼՂՀ-ից ժամանած սահմանափակ կարողություններով երեխաներ:

Միջոցառմանը մասնակցելուց հետո սահմանամերձ գյուղերի երեխաները կայցելեն նաեւ Հայաստանի պատմության եւ Հովհաննես Թումանյանի թանգարաններ, երեխաները կայցելեն նաեւ Հանրապետության հրապարակ, որտեղ կդիտեն տոների առթիվ անցկացվող միջոցառումները: