Բավ է պառակտվել
17-06-2015 16:39

Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը

«Այսօր կարևոր և պատմական օր է»,- Պրոբացիայի ծառայության պիլոտային մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը: Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: «Նորվեգիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը կարևորում ենք, քանի որ հնարավորություն է տալիս ոչ միայն համապատասխան ծառայողներին մոտեցնել այս գործընթացին, այլ նաև փորձաշրջանի ընթացքում կարձանագրենք այն խնդիրները, որոնք առկա են, հետևություններ կանենք, այդկերպ օրենսդրական փուլում սխալներ թույլ չենք տա: Այս շրջանը կօգնի մեզ ճիշտ լուծումներ գտնել»,- ասաց նախարարը: Հ. Մանուկյանի խոսքով, կառավարությունը հավանության է արժանացրել պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը, որը պետք է առաջիկայում հիմք հանդիսանա համապատասխան օրենսդրություն ձևավորելու համար: «Այլընտրանքային պատիժների իրականացման, պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքական կամքը»,- ընդգծեց արդարադատության նախարարը: Ըստ Մանուկյանի, մշտապես որևէ նոր ծրագիր սկսելիս թերահավատություն է լինում, որ Հայաստանում հնարավոր չի իրականացնել. «Պետք է չվախենալ ու գնալ առաջ»: Նախատեսվում է, որ 2016 թվականից Հայաստանում կսկսի գործել պրոբացիայի ծառայությունը: