Բավ է պառակտվել
06-03-2015 14:36

Հայաստանը հայրենադարձության հարցերով խորհրդատվության կայք է գործարկել

ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական միգրացիոն ծառայությունը հայրենադարձության տեղեկատվական աջակցության կայք է գործարկել՝ www.tundarc.am։ Այս մասին այսօր  լրագրողներին հայտարարել է ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նրա խոսքով՝ կայքում զետեղված են հայրենադարձության վերաբերյալ տարբեր տեղեկություններ՝ վերադարձի վկայականի տրամադրման, ներկրվող ապրանքների մաքսազերծման մասին եւ այլն։ Յուրաքանչյուր պետական մարմին, որը պատասխանատու է հայրենադարձության այս կամ այն բնագավառի համար, կայքի այցելուներին հարց ու պատասխանի տեսքով հանրամատչելի տեղեկություն է ներկայացրել։

Երկրորդ փուլում յուրաքանչյուր քաղաքացի կարող է միգրացիոն ծառայության կամ պետական գերատեսչության միջոցով հայց ներկայացնել ցանկացած իրավասու պետական մարմին։ Նամակին կկցվի նույնականացման համար, որի միջոցով արտասահմանից հնարավոր կլինի հետեւել գործընթացի ընթացքին։ Համակարգը գործում է հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, իսկ նամակի համար ֆորմալ պահանջներ չկան։ Նամակը կարող է գրվել ինչպես հայատառ, այնպես էլ լատինատառ։ Կարեւորը բովանդակությունն է, ընդգծել է Եգանյանը։

Երրորդ փուլը հեռուստախորհրդակցությունների միջոցով սփյուռքի կազմակերպությունների հետ կապ հաստատելն է։ «Սփյուռքի նախարարությունը մեզ տրամադրել է արտասահմանում գործող 129 կազմակերպությունների տվյալները։ Դրանցից յուրաքանչյուրի հետ մենք անձամբ կապ ենք հաստատել եւ անհրաժեշտության դեպքում կպատմենք տեղեկատվական աջակցության մասին, որը կարող են ստանալ ՀՀ քաղաքացիները արտասահմանում։ Եթե հայտատուն չի ցանկանում ներկայացնել իր իսկական անունը, համակարգը դա չի ստիպում։ Այսպես, թե այնպես մենք լիարժեք պատասխաններ ենք տալիս տունդարձի հետ կապված բոլոր հարցերին»,- վստահեցրեց Գագիկ Եգանյանը։