Բավ է պառակտվել
02-02-2015 14:38

Նախորդ տարում ծնելիության 3.3 տոկոս աճ է գրանցվել

2014թ. Հայաստանում նախորդ տարվա համեմատ 3.3 տոկոսով բարձրացել է ծնելիության մակարդակը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2014թ-ին գրանցվել է 43 183 ծնունդ, նախորդ տարվա 41 790-ի համեմատ: Միջին հանրապետականից բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երեւանում, Շիրակի մարզում, այնուհետեւ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերում, իսկ միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ արձանագրվել են Տավուշի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում»,-ասաց նա: Կարինե Կույումջյանի խոսքով՝ 2014թ. գրանցվել է մահվան 27 872 դեպք, որը նախորդ տարվանից 2.5 տոկոսով ավելի է: «Մահվան առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում»,-ասաց նա՝ նշելով, որ 2014թ. նվազել են մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 8 տոկոսով: Կարինե Կույումջյանն ասաց, որ մահվան պատճառները հիմնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ մարսողական օրգանների հիվանդությունները: Դժբախտ պատահարներից, թունավորումներից մահացածների թիվը 1246-ն է, որը նախորդ տարվա համեմատ նույնպես նվազել է: Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետը նշեց, որ Հայաստանում 2014թ. գրանցվել է մեռելածնության 751 դեպք՝ նախորդ տարվա 711 դեպքի համեմատ: