Բավ է պառակտվել
30-11-2015 12:17

Հայաստանում 242 հազար մարդ այսօր գործազուրկ է. ԱՎԾ

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է աշխատանքային ռեսուրսի նվազում, այսինքն՝ նվազել է զբաղվածության ցուցանիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը՝ ներկայացնելով աշխատանքի շուկայում առկա խնդիրները: Լ.Քալանթարյանը տեղեկացրեց, որ մշտադիտարկումներն անցկացվել են 15-ից 75 տարեկանների շրջանում: Վերջին տվյալները 2015 թվականի երկրորդ եռամսյակին են վերաբերում:
Դիտարկումների համաձայն՝ աշխատանքային ռեսուրսը կազմում է 2,1 միլիոն մարդ, ինչը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է: «Աշխատանքային շուկայում ակտիվ մասնակցություն ունեցողները կազմում են 63 %: Դրանք զբաղվածները և գործազուրկները միասին են, ովքեր աշխատանք են փնտրում: Մնացած 37 տոկոսն աշխատանք չունի և չի էլ փնտրում: Նրանց գերակշիռ մասը ուսանողներն են և տնային տնտեսություն վարողները, նաև կենսաթոշակային տարիքում գտնվողները»,-նշեց Լուսինե Քալանթարյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ՝ 242 հազար մարդ այսօր գործազուրկ է:
Անդրադառնալով աշխատանք փնտրելու եղանակներին՝ ԱՎԾ ներկայացուցիչն ասաց, որ ավանդական ձևը շարունակում է մնալ ծանոթ-բարեկամի միջոցը, թեև, ըստ նրա, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ ավելի շատ աշխատանք փնտրելու համար նախևառաջ դիմում են գործատուին, հետո նոր՝ ծանոթ-բարեկամին:
Նշվեց նաև, որ զբաղվածների 51 տոկոսը տղամարդիկ են, 49 տոկոսը՝ կանայք, իսկ գործազուրկների 52 տոկոսը կանայք են, 48-ը՝ տղամարդիկ: