Բավ է պառակտվել
30-12-2014 12:46

Տոնական օրերին ոստիկանները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան նախատոնական ու տոնական օրերին ոստիկանության ստորաբաժանումները արտակարգ ռեժիմի շուրջօրյա ծառայություն կիրականացնեն հանրապետության ողջ տարածքում: Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մայրաքաղաքում պարեկային ծառայության անցնող վերակարգերի ստուգատեսը, որին մասնակցում էին նաեւ ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Երեւանի կայազորի, Ճանապարհային ոստիկանության, Պետական պահպանության գլխավոր վարչության եւ այլ ստորաբաժանումների պարեկախմբերին՝ Վլադիմիր Գասպարյանը տվեց կոնկրետ հրահանգներ: Արտակարգ ռեժիմի ծառայությամբ նախատեսված է պարեկախմբերի շուրջօրյա հերթափոխումով հասարակական կարգի խստագույն վերահսկում, քաղաքացիների եւ հանրապետության հյուրերի անվտանգության ապահովում հանրային միջոցառումների եւ զվարճանքի վայրերում, մշակութային հաստատությունների տարածքում, Ամանորի հանդիսությունների համար նախատեսված համայնքային հատվածներում: Արտակարգ միջոցառումներ են իրականացվելու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ: Հատկապես ոգելից խմիչք օգտագործած վարորդների նկատմամբ ճանապարհային ոստիկանության վերաբերմունքը կլինի առանձնակի խիստ, իսկ նրանց ուղեւորների հանդեպ՝ մարդասիրական. քաղաքացիներին տեղ կհասցնեն ոստիկանները, մեքենան կտարվի հատուկ պահպանման տարածք, իսկ օրինախախտը կենթարկվի պատասխանատվության: Ոստիկանությունը համոզված է, որ տոնական օրերին քաղաքացիները կդրսեւորեն բարձր իրավագիտակցություն, կպահպանեն համակեցության կանոնները եւ որեւէ օրինախախտմամբ չեն փչացնի իրենց եւ ուրիշների տոնը: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում կարվի առավելագույնը անցանկալի միջադեպերը բացառելու համար եւ ակնկալում քաղաքացիների աջակցությունը: Շնորհավորում ենք բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ եւ մաղթում տոնական տրամադրություն: