Բավ է պառակտվել
07-03-2015 09:37

Հաշմանդամները գտնվում են կառավարության ուշադրւթյան կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, մասնավորապես հաշմանդամների զբաղվածության խթանմանը. ստեղծվել է 13 սոցիալական ձեռնարկություն, մասնագիտական ուսուցում են ստացել ավելի քան 600 և աշխատանքով ապահովվել 400 հաշմանդամ: Միայն սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղատնտեսության աջակցության ծրագրով նախորդ տարվա ընթացքում ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 237 հաշմանդամ: Բացի այդ, 460 հաշմանդամ ձեռք է բերել մասնագիտություն միջին մասնագիտական և արհեստագործական հասատություններում, իսկ նման 10 հաստատություն հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Ուշադրության կենտրոնում է եղել հաշմանդամություն ունեցող անձանց կրթության հասանելիության խնդիրը, մատչելի քաղաքաշինական միջավայրի հարցը: Նախորդ տարի Երևանում կառուցվել է 980 թեքահարթակ, մատչելի պայմաններ են ստեղծվել զբոսայգիներում, փողոցների անցումներում, մայթերում: Տեղադրվել են նաև մի քանի ձայնային լուսացույցներ: Երևանում գործող հասարակական 10 ավտոբուսներ համալրվել են հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: Նշված ծրագրերը 2015 թվականի ընթացքում լինելու են շարունակական:
Հաշվի առնելով նաև մարզային հանձնաժողովների հաշվետվությունները՝ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ՝ հաշմանդամների խնդիրների լուծման նպատակով:
Այնուհետև «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը և հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստող օրենսդրական հիմքերի մոնիթորինգի արդյունքները և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման ուղղությամբ կատարված քայլերը:
Ամփոփելով նիստի ընթացքում ներկայացված հաշվետվությունները՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է ծավալուն աշխատանք, որը պետք է կրի շարունակական բնույթ: «Մենք պետք է շարունակենք հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին աշխատանքով ապահովելու գործընթացը: Սա վերաբերում է բոլորին՝ մարզպետներին, Երևանի քաղաքապետին, նախարարություններին: Դա պետք է լինի հետևողական աշխատանք»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ դա հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հասարակությանն ինտեգրելու բաղադրիչներից մեկն է: Հովիկ Աբրահամյանը ՀՀ քաղաքաշինության նախարարին, Երևանի քաղաքապետին և հանրապետության բոլոր մարզպետներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել նոր կառուցվող և վերանորոգվող շենք-շինությունների նախագծման ու կառուցման աշխատանքներին, որպեսզի պահպանվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնող քաղաքաշինական բոլոր նորմերը, հետամուտ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումները բացառելուն:
Վարչապետ Աբրահամյանը նիստին ներկա կանանց շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ, բարձր գնահատել կանանց դերը մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքում, մաղթել առողջություն և երջանկություն: