Բավ է պառակտվել
17-03-2015 08:39

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ստացվել է փորձաքննության եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։ Այսպես` փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք։ Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները եւս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։ Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։