Բավ է պառակտվել
02-11-2014 12:40

Փարիզում ցույց է անցկացվելու՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ նոյեմբերի 9-ին ցույց է անցկացվելու՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի եւ բոլոր նրանց, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է կոչում: «Nouvelles d'Arménie» ամսագրի փոխանցմամբ, բողոքի ցույցն անցկացվելու է «Հայկական վերածնունդ» փարիզյան կազմակերպության, Հայաստանում ժողովրդավարության աջակցության կոմիտեի եւ Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտեի նախաձեռնությամբ:

«Արդեն մեկ տարի Վարդան Պետրոսյանն իրենց պաշտպանում է կաֆկայական դատավարությունում, որի ընթացքում յուրաքանչյուր դատալսման ժամանակ ցուցադրվում է, որ նա անմեղ է եւ որ մեղադրանքները կեղծ են ու անհիմն: Պաշտպանությունը շարունակում է Վարդան Պետրոսյանի անմեղության անհերքելի ապացույցներ ներկայացնել: Սփյուռքը պետք է սատարի նրան, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»,- ասված է «Հայկական վերածնուն» կազմակերպության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենաներ իրար բախվեցին: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվեց, այդ թվում՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները վախճանվեցին: Փաստի առիթով քրեական գործ հարուցվեց՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է:

Վարդան Պետրոսյանին պաշտպանելու համար Ֆրանսիայից երկու փաստաբան է հրավիրվել՝ Մարի Լոր Դոզենը եւ Ժերար Չոլաքյանը: Դատավարությունը սկսվել է մարտի 12-ին: