Բավ է պառակտվել
14-04-2015 11:25

ՄԱԿ-ում չեն շտապում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայոց ցեղասպանությունը համարում է «գազանային հանցագործություն», բայց չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ երկրներին կոչ անելով շարունակել համագործակցությունը 100 տարվա վաղեմության փաստերը վեր հանելու նպատակով: Այսօր լրագրողներին այսպիսի դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում «ի գիտություն» են ընդունել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ասածները, որն անցած կիրակի օրը Հայոց ցեղասպանությունն անվանել է «ХХ դարի առաջին ցեղասպանությունը»: Դյուժարիկը նկատել է, որ Պան Գի Մունը «հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի այլ երկրներում կնշեն 1915թ. ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը», ինչպես նաև գիտակցում է «տեղի ունեցածի որակավորման հետ կապված հարցի զգայուն լինելը»: «Գլխավոր քարտուղարը հաստատապես համոզված է, որ այդ ամսաթվի նշումը, 1915թ. ողբերգական իրադարձությունների հիշողությունը, ինչպես նաև փաստերի վերականգնման նպատակով համագործակցության շարունակությունը տեղի ունեցածի շուրջ պետք է ամրապնդեն ապագայում այդպիսի գազանային հանցագործությունների կրկնությունը կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությունից հետո Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուչիբելլոն կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ բացատրություններ տալու, իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Պապի խոսքերն անվանել է անընդունելի և պատմությունը խեղաթյուրող: