Բավ է պառակտվել
11-03-2015 14:00

Ջորջ Քլունիի մասնակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է «100 կյանք» նախագիծը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյու Յորքում մարտի 10-ին հայտարարվել է «100 կյանք» նախագծի մեկնարկը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք հերոսաբար փրկել են հայերի կյանքը հարյուր տարի առաջ կատարված Ցեղասպանության ժամանակ: IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների ոտնահարումը, ինչպես նաեւ գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք հիմնական ուղղություններով։ 

Միջազգային գործարարներ եւ բարեգործներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ինչպես նաեւ բարերար Վարտան Գրեգորյանը նախագիծը հիմնադրել են ցույց տալու Հայոց ցեղապանության հետեւանքները, ինչպես նաեւ այն, թե որքան մեծ է Ցեղասպանությունից փրկված հայերի եւ նրանց ընտանիքների ներդրումը մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության եւ բիզնեսի ոլորտներում։

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին միացել է նախաձեռնությանը եւ իր աջակցությունը հայտնել Հայոց Ցեղապանության 100-ամյա տարելիցի առնչությամբ։ Նյու Յորքում կայացած «100 կյանք» նախաձեռնութան շնորհանդեսին 53-ամյա դերասանը մասնակցել է կնոջ՝ մարդու իրավունքների գծով հայտնի փաստաբան Ամալ Քլունիի ուղեկցությամբ։ Բեմ բարձրանալով՝ Ջորջ Քլունին եւ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը խոսել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշանակության մասին։

Ջորջ Քլունին հումանիտար ոլորտի առաջնորդներին միացել է՝ հիմնադրելու համաշխարհային նոր՝ «Ավրորա» մրցանակը, որը շնորհվելու է «մարդկության արթնացման» համար։ Պարզաբանելով իրենց նպատակները՝ Քլունին եւ Ռուբեն Վարդանյանը բացատրել են, որ իրազեկության մակարդակի մշտական եւ հետեւողական բարձրացմամբ անհրաժեշտ է պայքարել ապատիայի դեմ, որը Ցեղասպանության հարցի լուծման ճանապարհին ամենամեծ խնդիրներից է։ «Մենք իսկապես ուզում ենք, որ մարդիկ մասնակցեն այս նախագծին, որպեսզի ըստ արժանվույն գնահատվեն նրանք, որոնք հաղթահարելով իրենց բաժին հասած դժբախտությունները՝ կարողանում են վերադարձնել ուրիշներին, այնպես ինչպես հայկական համայնքն է դա անում հարյուրամյակին»,- ասել է Քլունին։ «Մարդասիրությունը, շռայլությունը, ուժն ու ինքնազոհությունը, որ դրսեւորել են նրանք, ովքեր փրկել են այդքան մեծ թվով հայերի, պարտավորեցնում են մեզ պատմել այս պատմություններն աշխարհին։ Ժամանակն է ստվերից դուրս բերել այդ անձանց, համապատասխան դասեր քաղել մեզ համար ու արտահայտել մեր երախտագիտությունը այդ մարդկանց հերոսական արարքների համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ավրորա» մրցանակը միջոց է աջակցելու նրանց, ովքեր այսօր վտանգում են իրենց կյանքը այլոց փրկելու համար։ Ամենամյա դրամաշնորհը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, կփոխանցվի մրցանակակրին, որն էլ իր հերթին այն կտրամադրի այն կազմակերպությանը, որը նրան ոգեշնչել է մարդասիրական քայլերի դիմել։ «Ավրորա» մրցանակը կմեկտեղի մարդու իրավունքների պաշտպանության առաջատար գործիչներին ամբողջ աշխարհից, այդ թվում այնպիսի նշանավոր անձանց, ինչպիսիք են օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էլի Վիզելը եւ Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանութան հարցերով խորհրդական Հարեթ Էվանսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների պաշտպանության գծով նախկին հատուկ ներկայացուցիչ, աշխարհահռչակ ու հեղինակավոր իրավապաշտպան Հինա Ջիլանին եւ «Քարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ովքեր կդառնան հիմնադիր կոմիտեի անդամներ։ 2016թ. ապրիլի 24-ին Ջորջ Քլունին Երեւանում կհանձնի առաջին մրցանակը։ «Ինձ համար «100 կյանք» նախագծին մասնակցելը մեծ պատիվ է, քանի որ այն եւ իմ Not On Our Watch հիմնադրամը նույն նպատակն են հետապնդում, այն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ցեղասպանության հետեւանքների վրա եւ ջանքեր գործադրել աշխարհում դաժանություններն արմաատախիլ անելու համար։ Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ այսօր աշխարհում դեռեւս տեղ են գտնում ցեղասպանության դրսեւորումներ։ Մենք բոլորս՝ որպես անհատ, թե որպես ամբողջական հասարակություն պետք է պայքարենք նման երեւույթների դեմ»,- նշել է Քլունին։ Ջորջ Քլունին Հոլոքոստի հարցով ԱՄՆ հուշագրային խորհրդի նախագահ Էլի Վիզելի հետ կդառնա այս մրցանակը սահմանող հանձնաժողովի համանախագահներից մեկը։ Հանձնաժողովի մյուս անդամները կորոշվեն հաջորդ ամիսների ընթացքում։ Նրանք աշխարհի տարբեր ծայրերում կներկայացնեն մարդու իրավունքների ոլորտում իրենց փորձը։ «Ես անձամբ Ցեղասպանության հետեւանքով առաջացած ավերածությունների ականատեսն եմ եղել։ Դրա տխուր հետեւանքները շարունակվում են մինչեւ օրս։ Սակայն ես նաեւ գիտակցում եմ մարդկային հոգու ուժը։ Մենք պետք է հիշենք եւ հարգենք այն հերոս մարդկանց ջանքերը, որոնք 100 տարի առաջ միջամտեցին նման վայրագությունները կանխելու համար»,- նշել է Էլի Վիզելը։ «Ավրորա» մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի պատվին, ով դեռ երեխա ժամանակ ականատես է եղել Հայոց ցեղասպանության գազանություններին՝ կորցնելով հորն ու եղբայրներին: Նրան հաջողվել է փրկվել, եւ 1917-ի սկզբին հայտնվել է ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Էրզրում (պատմական Կարին) քաղաքում: Այստեղ նա ծանոթացել է Մեծ իշխան Նիկոլայի հետ, որի աջակցությամբ եւ ռուս զինվորների պաշտպանությամբ Ավրորան տեղափոխվել է Թիֆլիս, իսկ հետո, 1917-ի հոկտեմբերին, հեռղափոխական թոհուբոհի մեջ հայտնված Պետերբուրգ: Արդյունքում անցնելով շատ դժվարությունների միջեւ եւ հրաշքով մահից փրկվելով, նա հայտնվել է Նորվեգիայում, իսկ հետո ԱՄՆ-ում: Չնայած բոլոր փորձություններին, Ավրորա Մարտիկանյանը ողջ է մնացել եւ իր ամբողջ կյանքը նվիրել կարիքավորների օգնությունն ու Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը: 1919 թվականին ԱՄՆ-ում էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Բզկտված Հայաստան» ֆիլմը, որում նկարահանվել է նաեւ ինքը: