Բավ է պառակտվել
19-05-2015 09:10

ՕԵԿ-ն առաջարկում է Շիրակում և Գյումրիում տնտեսավարողներին ազատել որոշ հարկերից

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատել 50%-ով։

Դրանք պետք է վերաբերեն առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությանը, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպմանը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը՝ Շիրակի մարզի համայնքների և Գյումրի քաղաքի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությանը: 
Առաջարկվում է եկամուտները 50%-ով ազատել շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունն ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից, իսկ Գյումրի քաղաքում՝ 50%–ով. 
Առաջարկվում է, որ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով վարեն եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի և դրա հետ կապված ծախսերի գումարի չափով:

Գյումրի քաղաքում 40 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտահարկից, 80 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները երկու տարի ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտահարկից:
Հարկային նման արտոնություններ են սահմանված այն կազմակերպությունների համար, որոնք քաղաքում մինչև 150 և ավելի աշխատատեղ կստեղծեն: 
Նախագծի ընդունմամբ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, և նշված ոլորտում, և ամբողջ մարզում: