Բավ է պառակտվել
13-05-2015 09:11

Գերմանական Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է տեղադրվել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում գերմանական Հալլե քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի:Ինչպես հաղորդվում է, Հալլեի քաղաքային խորհուրդը խաչքարի տեղադրման մտադրությունը հայտնել էր դեռ 2012 թվականին: Խաչքարի տեղադրման ժամանակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթք են կարդացել Գերմանիայում հայ առաքելական եկեղեցու թեմի արքեպիսկոպոս Գարեգին Բեքջյանը և Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի քրիստոնյա եկեղեցիների խորհրդի ղեկավար Յուրգեն Դիթրիխը: «20-րդ դարը նշանավորվեց զանգվածային սպանություններով, էթնիկ զտումներով և ցեղասպանություններով, որոնք կյանքի կոչվեցին ամենաանմարդկային ու բարբարոս ձևերով։ Մարդկության դեմ գործած այդ հանցագործության մասին հիշողությունը դրդում է մեզ մարդասիրության, խաղաղության և հաշտեցման կոչ անել։ Դա այսօր առավել քան արդիական է, քանի որ աշխարհում շարունակվում են կրոնական, քաղաքական և ազգայնական հակամարտությունները։ Այս խաչքարը խաղաղության, հաշտեցման և մարդասիրության կոչ է»,-նշել է Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը` խաչքարի բացման արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում: Արարողությանը ներկա է եղել նաև Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, ով իր խոսքում նշել է, որ այդ խաչքարը պետք է բոլորին հիշեցնի Ցեղասպանության անմեղ զոհերի մասին: