Բավ է պառակտվել
29-12-2014 14:06

Մոսկվայում կկայանա «օրենքով գողերի» մեծ հավաք

ԱՊՀ-ից եւ Եվրոպայից Մոսկվա են գնացել ազդեցիկ «օրենքով գողեր»՝ քրեական հեղինակությունների՝ վերջին տարիների ամենաընդգրկուն հավաքին մասնակցելու համար: Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը (Շաքրո-Մոլոդոյը): Հանդիպմանը կորոշվի 150-ից ավելի գանգստերների ճակատագիրը, որոնց «գողի տիտղոսները» կասկածի տակ են:«Ռոսբալտի» իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ սպասվում է նաեւ Գելա Կարդավայի ժամանումը Մոսկվա, եթե նրան հաջողվի հաղթահարել դատարանի սահմանած մուտքի արգելքը: Ըստ աղբյուրի՝ հավաքի ճշգրիտ ամսաթիվը չի որոշվել, ամենայն հավանականությամբ՝ կկայանա մինչեւ Նոր տարի: Եթե, իհարկե, հատուկ ծառայությունները եւ իրավապահները չմիջամտեն: Վերջերս Զախարի Կալաշովը ընդհատել է իր ինքնամեկուսացումը Մերձմոսկվայի Օդինցովոյի շրջանի Ռազդորի ավանի քոթեջում, որտեղ հաստատվել էր, երբ 2014 թ. հոկտեմբերի 29-ին արտաքսվել էր Իսպանիայից Ռուսաստան: Զախարի Կալաշովը ակտիվ գործունեություն է սկսել ծավալել: Ըստ գործակալության աղբյուրի՝ գրեթե ամեն օր նա գնում է մայրաքաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիր, որն այժմ վերահսկում է ազդեցիկ գործարար Կոնստանտին Մանուկյանը: Վերջինս հետախուզվում է Ինտերպոլի կողմից՝ Իսպանիայում հանցավոր խմբավորում ստեղծելու եւ փողերի լվացման համար: Հենց այդ գործով էլ Զախարի Կալաշովը Իսպանիայում նստել էր ութ տարուց ավելի: Ամեն օր «օրենքով գողի» մոտ են գալիս տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի բոլոր անկյուններից, որպեսզի իրենց հարգանքը հայտնեն գլխավորին: Շատերն իրենց հետ բերում են նաեւ փողերով ճամպրուկներ: Քննարկման գլխավոր թեման է դարձել «գողերի ընտանիքում» ստեղծված իրավիճակը: Այսպես, Զախարի Կալիշովը հայտարարել է, որ ժամանակավորապես «օրենքով գող» չի համարում բոլոր հանցագործներին, որոնք իրենց տիտղոսներն ստացել են 2008թ.-ից հետո (խոսքը շուրջ 150 «օրենքով գողերի» մասին է): Հենց այդ տարի էր սկսվել արյունալի քրեական պատերազմը Դեդ Հասանի կլանի եւ Տարիել Օնիանիի եւ Մերաբ Ջանգվելաձեի կլանի միջեւ: Հանդիպման գլխավոր թեման պետք է դառնա երկարամյա պատերազմը Տարիել Օնիանիի (Տարո, նստած է ռուսական բանտում), Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումցի, նստած է Իտալիայի բանտում) Ասլան Ուսոյանի կլանների միջեւ: համարվում է, որ հենց այդ պատերազմի զոհն են դարձել Դեդ Հասանը եւ Յապոնչիկը: