Բավ է պառակտվել
16-04-2016 14:24

ՊՆ–ում ներկայացվեցին հակառակորդի խոցված ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը (լուսանկար)

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր լրատվամիջոցներին ներկայացվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից հակառակորդի խոցված ՄԻ 24G ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե թշնամին ինչ ցանկություններ և պլաններ է ունեցել:
Փաստաթղթերը ներկայացրեց Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:«Տվյալ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառելու հակատանկային միջոցներ, կիրառելու ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ, քանակով մինչև 80 միավոր, Հարավաֆրիկյան պետության կողմից արտադրված հրանոթով, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկեր»,-ասաց Ավետիք Մուրադյանը:

Օդաչուներից մեկի մոտից վերցված փոքրիկ գրքույկ կա, որի մեջ օդաչուն գրառումներ է կատարել մարտի 31-ին: Գրքույկում գրված է, որ օդաչուն պետք է թռիչք կատարի Բաքվի օդանավակայանից, վերաթռիչք՝ Քյուրդանի ռազմական օդանավակայան: Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, վերաթռիչք՝ Ժդանսկի օդանավակայան: Կա քարտեզ, որտեղ օդաչուի կողմից նախօրոք՝ թռիչքից առնվազն երկու օր առաջ ստացել է խնդիր մարտական թռիչք իրականացնելու համար:

«Մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը, նշված է ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասն է: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև մեկ կմ խորությամբ, իսկ հետագայում մինչև 10 կմ խորությամբ կիրառել անօդային ավիացիա»,-ասաց Ավետիք Մուրադյանը` ավելացնելով, որ քարտեզը պատրաստված է կամ 31-ին, կամ ապրիլի 1-ին: Ներկայացվեց նաև, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիր կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ:

Ավետիք Մուրադյանն ասաց, որ սև արկղի բացվածք կա, որի միջոցով հնարավոր է դարձել պարզել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ինքն ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը, ձգանը պահել մոտ երկու րոպե, և այդպես սեղմած պահած վիճակում խոցվել է մեր տղաների կողմից: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե առկա բոլոր փաստաթղթերն ապացույցն են այն բանի, որ հակառակորդը լայնածավալ գործողություններ է պլանավորել, այլապես, ըստ նրա, օդուժի կիրառում չէր լինի:  Ասուլիս ընթացքում նշվեց նաև, թե հակառակորդի երկրորդ ուղղաթիռի խոցման հստակ ապացույցներ չունեն, բայց կան ադրբեջանական կողմից ներկայացված փաստերը, թե քանի օդաչու է հուղարկավորվել, ինչից հետևություն է արվում, որ խոցվել է երկու ուղղաթիռ: