17-10-2014 18:20

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում` պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին մասնակցում էին շահագրգիռ ՀՀ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ և այլք:
Ողջունելով նիստի մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկը զորակոչի շրջանակում նրա համալրումն է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ վերջին տարիներին զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով նախորդ զորակոչի արդյունքների և առաջիկա զորակոչի խնդիրների մասին, գեներալ-գնդապետը ներկայացրեց թե դրական միտումները և թե արձանագրված որոշակի բացթողումները: Անդրադարձ եղավ զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:
Նիստի ժամանակ քննարկվեցին նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, հիվանդության պատճառով բանակից զորացրվածների, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր:
Ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք պատասխանատուներ և զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:


Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ զորակոչի համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, այն կանցնի կազմակերպված ու առանց խոչընդոտների:
Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչը հստակ կազմակերպելու և անցկացնելու առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տրվեցին նաև որոշ ցուցումներ և հանձնարարականներ: