02-10-2015 10:46

Այսօր Ժպիտի համաշխարհային օրն է

Հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը նշվում է ամենալուսավոր տոներից մեկը` Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day), որի համար մարդիկ «պարտական» են նկարիչ Հարվի Բոլին։20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող արվեստագետը մեծ հաշվով չի փայլել նկարչական տաղանդով։ Բայց մի անգամ նրան են դիմել State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները` խնդրելով իրենց ընկերության համար վառ և հիշվող խորհրդանիշ ստեղծել, որը կլիներ State Mutual Life Assurance Company of America-ի «այցեքարտը»։ Առանց երկար-բարակ մտածելու` Հարվին պատվիրատուներին առաջարկել է այն, ինչն այսօր համացանցի բոլոր օգտատերերն անվանում են «սմայլիկ». այն է` ժպտացող դեղին դեմք։ Ընկերությունն ընդունել է աշխատանքն ու դրա տեսքով կրծքանշաններ պատրաստել` բաժանելով ընկերության ողջ անձնակազմին։ Շուտով «ժպտացող դեղին» այցեքարտի հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները: Ժպտացող դեմքն այնքան է դուր եկել մարդկանց, որ կարճ ժամանակում այն հայտնվել է շապիկների, գլխարկների, նամականիշների, բացիկների և լայն սպառման այլ իրերի վրա։ Տեսնելով այս ամենը` Բոլը լցվել է անսահման հպարտությամբ։ Ժպիտի համաշխարհային օրը սկսել է նշվել 1999թ. ի վեր։ Նկարչի կարծիքով՝ այդ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը, մինչդեռ օրվա կարգախոսը հետևյալն է. «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մի ժպիտ առաջանա»: Այդ ժամանակից ի վեր տոնը նշվում է ամբողջ աշխարհում` ուղեկցվելով ֆլեշմոբերով և տարատեսակ ակցիաներով։