06-07-2015 11:23

Արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերի քննարկում գերատեսչությունում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:  Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը:  Այցի նպատակն էր քննարկել արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ ի՞նչ ընթացքի մեջ են նոր Քրեական ու Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակումը, բարեփոխումների ի՞նչ փուլում են քրեակատարողական համակարգն ու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:  Ողջունելով հյուրերին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և մշտապես կատարելագործում է օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին: Խոսելով քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ՀՀ խորհրդարանի առաջարկների հիման վրա լրամշակվել և ուղարկվել է Ազգային ժողով: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցվեն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսված է մինչև ս.թ. սեպտեմբեր միասնականացնել քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի դրույթները:  ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են նաև վերջին բարեփոխումները, որոնցով ՀՀ միջազգային պարտավորություններին են համապատասխանեցվել խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը: Խստացվել են խոշտանգման համար քրեաիրավական սանկցիաները:  Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման մասին: Մասնավորապես՝ նախագծի հայեցակարգն արդեն իսկ ուղարկվել է միջազգային փորձաքննության. այն հիմնված է այնպիսի հիմնարար նոր սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման ու անհատական մոտեցման, դատապարտյալներին ազատության նախապատրաստելու սկզբունքները և այլն: Քննարկվել է նաև խտրականության դեմ պայքարի վերաբերյալ նոր համապարփակ օրինագծի մշակման հարցը:  Ալեքսանդր Գեսելը բարձր է գնահատել Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները և նշել, որ դրանք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ խտրականության դեմ պայաքարի օրենսդրության կատարելագործումը չափազանց կարևոր դեր կխաղա հետագայում համակարգի զարգացման համար:   Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանում իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների շուրջ: