28-11-2014 10:15

Ամփոփվել են «Միասնություն 2014» զորավարժությունների արդյունքները

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի շրջանակում նոյեմբերին անցկացված ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Խորհրդակցությանը ներկա էին հայկական երկու հանրապետությունների բանակային զորամիավորումերի, պաշտպանական շրջանների, զորամասերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում զորավարժությունների արդյունքների ամփոփիչ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:
Քննարկվեցին զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվեցին դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Փորձի փոխանակման և համադրման տեսանկյունից կայացած համարելով զորավարժությունները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորեց ներկաներին հետևություններ անել գրանցված արդյունքներից և տվեց համապատասխան հանձնարարականներ:
«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների: