Բավ է պառակտվել
17-01-2015 14:54

Մարսելում հուղարկավորել են հայ աշակերտին. ներկա էր ավելի քան 2000 մարդ

Մարսելում հունվարի 16-ին տեղի է ունեցել այս շաբաթ սպանված դպրոցական Միքայել Ասատրյանի հուղարկավորությունը։ Նրան հրաժեշտ տալու էին գնացել ավելի քան 2000 մարդ։ Թաղման ծիսակարգը կայացել է Մարսելի Պրադոյի պողոտայում գտնվող հայկական եկեղեցում, գրում է «Nouvelles d'Arménie»-ն։

Ներկաների թվում էին հայկական կազմակերպությունների առաջնորդները, կրոնական գործիչներ, հայտնի անձինք եւ պաշտոնյաներ։ Ներկա են եղել նաեւ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, նրա տեղակալներ Դիդյե Փարաքյանը եւ Մարտին Վասալը, պատգամավոր Վալերի Բուայեն, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայ համայնքը եւս մեկ անգամ իր վշտակցությունն է հայտնել Ասատրյանների ընտանիքին։ Հունվարի 12-ին Մարսելում սպանվել է 16-ամյա հայ աշակերտ։ Դեպքը կատարվել էր դասերից հետո։ Միքայելի վրա հարձակվել էին համադասարանցի աղջկա հարազատները, որի հետ Միքայելը փոքրիկ վեճ էր ունեցել։ Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել աղջկան եւ 17-ամյա պատանու։ Ավելի ուշ երկրորդ կասկածյալը, որը 18 տարեկան է, հանձնվել է ոստիկաններին։ Բոլորին բանտային կալանք է սպառնում՝ մինչեւ 30 տարի հարկադիր աշխատանքով, սպանության եւ սպանությանը մասնակցելու համար։