Բավ է պառակտվել
09-04-2016 11:40

Լոս Անջելեսում հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի.(լուսանկարներ)

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղի հայերը բազմահազարանոց ցույց են կազմակերպել ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցին մասնակցել է ավելի քան 3500 մարդ: Խաղաղ ակցիայի մասնակիցները ինչ-որ պահի փակել են փողոցը եւ ինքնաբուխ նստացույց սկսել՝ փակելով երթեւեկությունը: «Ոչ մի թիզ հող» վանկարկել, ցուցարարները հստակ ուղերձ են հղել Ադրբեջանի իշխանություններին, որ որեւէ ագրեսիա չի կարող Արցախի հայերին ստիպել թեկուզ մեկ թիզ տարածք զիջել:

Ակցիայի մասնակիրցների ուղերձները շատ հստակ էին եւ հասկանալի. Քանի դեռ հայերի նկատմամբ կա սպառնալիք, աշխարհի ողջ հայությունը միակամ ոտքի կկանգնի պաշտպանելու իր երկիրն ու ժողովրդին: Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված հայորդիների, ինչպես նաեւ մահացած քաղաքացիական անձանց, այդ թվում 12-ամյա երեխայի հիշատակը:

Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել նաեւ Գլենդելու: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցել էր մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Ապրիլի 5-ի կեսօրից կողմերի պայմանավորվածությամբ դադարեցվել է կրակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ պահից սկսած ուղղակի մարտեր չկան, բայց Ադրբեջանի կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են: