Բավ է պառակտվել
18-10-2014 12:32

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցություն՝ Ոստիկանության զորքերի հրամանատարությունում

Հոկտեմբերի 17-ին Ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ  սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող   ստուգումների ամփոփիչ խորհրդակցությունը: Մինչև խորհրդակցությունը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և նրանց ուղեկցող անձինք Ոստիկանության զորքերի վարչական շենքում ծանոթացան ծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, գնահատեցին Զորքերի հատուկ տեխնիկայի և միջոցների պատրաստականության վիճակը, շրջեցին տարածքում: Խորհրդակցության սկզբում հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ  Միքայել Հարությունյանը ներկայացրեց ստուգման նպատակներն ու խնդիրները: Տեսչական ստուգումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը: Ստուգման արդյունքներով՝ Ոստիկանության զորքերի և  ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվեց բավարար՝ նշելով նաև արձանագրված թերություններն  ու բացթողումները: Տեղի ունեցավ հրատապ խնդիրների առարկայական քննարկում, կոնկրետ առաջարկներ արվեցին թերացումները վերացնելու, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատրաստականությունը որակապես այլ վիճակի բերելու, աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ:  Տեսչական ստուգման արդյունքներին անդրադարձավ և իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ հետևողական և խստապահանջ ստուգումների համար: