28-02-2017 15:15

Երկրաշարժից հետո Կապանում «Շտապ օգնությունն» ու բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով


Ժամեր առաջ Կապանում տեղի ունեցած երկրաշարժից հետո տեղի բոլոր ուժային կառույցներն ու «Շտապ օգնության» ծառայությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Այդ մասին հայտնում է Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:
Նշենք, որ երեքշաբթի օրը ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից հինգ կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի էր ունեցել 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Կապանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ, իսկ Գորիսում և Քաջարանում՝ 4-5 բալ: Երկրաշարժին հաջորդել է մեկ հետցնցում՝ 3,3 բալ ուժգնությամբ:
«Իրավիճակը ամբողությամբ վերահսկողության տակ է։ ԱԻՆ-ի պահանջով՝ ելնելով անվտանգության նորմերից, բոլոր դպրոցներից, բուհերից, պետական և մասնավոր հիմնարկներից մարդիկ շատ կազմակերպված մեկ ժամով դուրս են եկել շենքերից։ Այս պահին նրանք արդեն վերադառնում են իրենց աշխատանքին»,- իր Facebook-իան էջում գրել է Սաղաթելյանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ քանդված շինությունների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Մարզպետն ինքն անձամբ այցելել է թիվ 10 միջնակարգ դպրոց, որի մասին համացանցում տեղեկություն էր տարածվել, թե իբրև փլուզումներ կան և համոզվել, որ շենքը կանգուն է, երեխաներին չի սպառնում ոչ մի վտանգ և իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է»,- գրել է Սարգսյանը։