Բավ է պառակտվել
14-04-2015 13:59

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Իսպանիայում

Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ներկաներին միավորում է մի ժողովրդի անցյալի մասին հիշատակը: Նա ավելացրեց, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխանորդ, Տեր Սասուն Զմրուխտյանը, ով շնորհակալություն հայտնեց մատուցված պատարագի համար, երախտիքի խոսքեր հնչեցրեց կաթոլիկ եկեղեցու հասցեին՝ հայ ժողովրդի թե՛ ծանր և թե՛ հաղթական օրերին միասին լինելու և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելու համար: Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հերթին նշեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հիմնական նպատակներից մեկը նման ոճրագործությունների հետագա կանխարգելումն է աշխարհի ցանկացած կետում՝ ցանկացած ռասայի, ազգության կամ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ: Վստահ եմ, որ միասին և այս ուղղությամբ համատեղ աշխատելու դեպքում մենք կունենանք առավել անվտանգ, պաշտպանված և արդար աշխարհ: Շնորհակալություն այսօր մեր կողքին լինելու համար»: Պատարագն ուղեկցվեց հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվեցին հատվածներ Աստվածաշնչից: