Բավ է պառակտվել
24-04-2016 11:18

Երուսաղեմում ոգեկոչվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Երուսաղեմի հայկական գլխավոր եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում, ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել: 
Ինչպես նշվում է, շուրջ 300 անձանց մասնակցությամբ ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին ներկա են եղել Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները:
Հիշատակի միջոցառումների կազմակերպիչ և Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Հարութ Բաղամյանն անդրադարձել է Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ նշելով.
«Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությունը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»:
Միաժամանակ, Բաղամյանն ընդգծել է, որ հասկանում են հարցի քաղաքական լինելը, սակայն այդուհանդերձ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից և ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին՝ նկատի ունենալով թե Հայաստանն ինչ վերաբերմունք ունի Հոլոքոստի հարցում: Այսօր Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց: