Բավ է պառակտվել
13-03-2017 21:51

ՌԴ ԱԺ-ում առաջարկել են քաղաքացիություն տալ « հողի իրավունքով»

Ռուսաստանում կարող է ներդրվել քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք, որը հիմնված է «հողի իրավունք»-ի վրա, այս մասին հայտնել է Պետդումայի ազգությունների հարցով կոմիտեի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը:
Նրա խոսքերով դա նախատեսված է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայայի կողմից խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը ներկայացված օրինագծով:
Փաստաթուղթը նախատեսում է շտկումներ մտցնել « Ռուսաստանի դաշնության քաղաքացիության» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում։
Օրենսդիրները առաջարկում են « ռուսաց լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել նախկին Ռուսական կայսրությունում կամ ԽՍՀՄ-ում ծնված քաղաքացիներին, ինչպես նաև նրանց.« ովքեր Ռուսաստանում ծնված անմիջական բարեկամներ ունեն»:
Բացի այդ, առաջարկվում է չեղարկել այլ պետությունների քաղաքացիությունից հրաժարվելու մասին օրենքի պահանջը որի պատճառով« բնակության թույլտվություն ստանալու և ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը կախման մեջ են գտնվում օտարերկրյա կանոնակարգերից, օտարերկրյա պաշտոնյաների կամայականություններից»:
« Տվյալ օրենքի ընդունման դեպքում հնարավոր կլինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալ ոչ միայն արյան, ազգակցության սկզբունքով, այլ նաև հողի սկզբունքով: Հիմնական չափանիշը լինելու է ռուսերենի իմացությունը: Իբրև հիմք է ընդունվելու նաև կապը Խորհրդային Միության տարածքների և Կայսերական Ռուսաստանի հետ»,- նշել է Բալբեկը:
Այդպիսով, նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքացիություն ստալանու հեշտացված գործընթացի իրավունք կստանան ռուսերեն լեզվի կրողները, ովքեր հանդիսանում են նախկին ԽՍՀՄ-ից և Ռուսական կայսրությունից ներգաղթածներ, և նրանց բարեկամները :
«Հողի իրավունք»-ը, դա իրավաբանական տերմին է, որն ամրագրում է այս կամ այն երկրի տարածքում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու իրավունքը՝ անկախ նրանց ռասայական, ազգային կամ լեզվական պատկանելիությունից:
Օրինագծի հեղինակ, ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր հերթին « Էխո Մոսկվի»-ին հայտնել է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացի դյուրինացման նախաձեռնությունը առաջարկվել էր դեռևս Դումայի հինգերորդ գումարմանը, և որ այն բխել է նախագահից:
« Այն ժամանակ օրենքն ընդունել չհաջողվեց, այդ պատճառով դա պետք է անել հիմա»,- մանրամասնել է Զատուլինը:
Նա նաև նշել է, որ այժմ ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք կստանան նաև ռուսերեն լեզվին տիրապետողները, ովքեր ապրում են Ուկրաինայում, Բելոռուսում, Ղազախստանում և այլն:
Պետք է նշել, որ մարտի 10-ին Պետդումայի ազգությունների հարցերով կոմիտեն հավանություն էր տվել այս օրինագծին:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը գրված է « Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» դաշնային օրենքում և սահմանված է Ռուսաստանի նախագահի 2002թ. նոյեմբերի 14-ի « Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության հարցերի դիտարկման կարգը սահմանելու մասին» հրամանում: Այդպիսով, քաղաքացիությունը ձեռք է բերվում ծննդյան պահին, եթե ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է հանդիսանում:
Կամ էլ ՌԴ քաղաքացիություն կարելի է ստանալ դիմումով, սակայն դրա համար հարկավոր է սկսած բնակության թույլտվություն ստանալու պահից, առնվազն հինգ տարի բնակվել Ռուսաստանում:
Այդպես, անցած տարվա նոյեմբերին հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը դարձավ Ռուսաստանի քաղաքացի: Դեդրասանը հայտարարում է, որ Մոսկվայում իրեն զգում է ինչպես տանը, այդ պատճառով էլ հաճախ է լինում Ռուսաստանում, բայց մշտական բնակության տեղափոխվել չի ծրագրում:
Իսկ երեք տարի առաջ, ռուսական անձնագիր և Մորդովիայի մայրաքաղաքում մշտական գրանցում ստացավ Ժերար Դեպարդյեն: Ընդ որում նա պահպանել է նաև ֆրանսիայի քաղաքացիությունը:
2016թ. առաջին ինը ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազարով ավելի մարդ է ռուսական քաղաքացիություն ստացել: Այդ մասին վկայում է ՆԳՆ-ի միգրացիոն իրավիճակի վիճակագրությունը: ՆԳՆ-ի միգրացիոն հարցերով գլխավոր վարչության տնօրենի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն մանրամասնել է, որ հիմնականում ռուսական անձնագիր ստանալ ձգտում են ԱՊՀ երկրների քաղաքացիները: