Բավ է պառակտվել
24-12-2015 12:08

Գլենդեյլում հայ թմրավաճառ է ձերբակալվել

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանին, ում տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 9 կգ ափիոն, 1 կգ հերոին, մոտ 200 գր կապույտ և մանուշակագույն մետամֆետամին:Բացի այդ, տան խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են կշեռք, փաթեթավորման պարագաներ և թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելը փաստող այլ ապացույցներ: 
Աղբյուրը մանրամասնում է, որ Բաղոմյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում դեռևս անցած տարի, երբ ձերբակալվել էր 14 կգ ափիոն պահելու համար։ Սակայն այդ ժամանակ Բաղոմյանին ազատ էին արձակել գրավի դիմաց: 
Գլենդեյլի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Բալյանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ հետևել է Բաղոմյանին, և այդ ընթացքում բազմաթիվ բողոքներ է ստացել տղամարդու հարևաններից` վերջինիս հանցավոր գործունեության հետ կապված: 
«Ափիոնի ու հերոինի գործ անող այս մարդը բազմաթիվ ընտանիքներ է քանդում Գլենդեյլում, Բրբենքում ու հարակից քաղաքներում: Ես գտնում եմ, որ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ ավելի լավ կանեին գնային ու բուժվեին»,-նշել է իրավապահը: 
Աղբյուրը հավելում է, որ այս անգամ Բաղոմյանն այլևս հնարավորություն չի ունենա ազատ արձակվել գրավի դիմաց: