01-09-2016 09:16

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է. Առաջին դասարան կհաճախի 40 000 աշակերտ

Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։

Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ` մի փոքր ավելի, քան անցած տարի`2015-ին 38 000 առաջին դասարանցի ունեինք: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, թե այս սեպտեմբերի 1-ը տարբերվում է մեր մյուս ուսումնական տարիներից, քանի որ այս տարի տոնում ենք ՀՀ անկախության 25-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ:

Նշենք, որ Հայաստանի ՃՈ-ն սեպտեմբերն անցկացնում է «Ուշադրություն. երեխաներ են» կարգախոսով եւ մեծ ուշադրություն է դարձնելու ուսումնական հաստատությունների մոտակայքում գտնվող ճանապարհահատվածներին։