Բավ է պառակտվել
31-08-2015 14:59

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազարից ավելի երեխա

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազարից ավելի երեխա, իսկ ընդհանուր առմամբ 2015-2016 ուսումնական տարում հայաստանյան դպրոցներ կհաճախի 400 հազար աշակերտ: Այս թվերն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ անցած տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի ավելացում ունենք՝ 2014թ-ին առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր: ԿԳ ներկայացուցիչի խոսքով՝ միայն սեպտեմբերի 10-ին պարզ կլինի, թե Հայաստանի քանի համայնքներ ու գյուղեր առաջին դասարանցի չեն ունեցել, բայց և վստահություն հայտնեց, որ ամեն դեպքում այդ թիվը չի անցնի մեկ տասնյակից: «Հայաստանի տարածքում գործող բոլոր միջնակարգ դպրոցները, բացառությամբ սահմանամերձ շուրջ տաս դպրոցների, ունեն առաջին դասարանցիներ»,- հավաստիացրեց տիկին Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ 1-4-րդ դասարանցիների դասագրքերը բաժանվում են անվճար, իսկ ահա 5-12-րդ դասարանների դեպքում կշարունակվի վարձակալությամբ ստացող դասագրքերի գործընթացը: Ն.Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ոչ պետական դպրոցների թիվը տասով կրճատվել է և այս տարի դրանց թիվը հասնում է 40-ի: Շարունակելով մասնավոր դպրոցների թեման՝ բանախոսն անդրադարձավ վերջին օրերին քննարկվող այն թեմային, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կրտսեր որդին ևս կհաճախի մասնավոր դպրոց: Պաշտոնյան նախ նշեց, որ յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում, թե որ դպրոց պետք է հաճախի իր երեխան ու ավելացրերց. «Նախարարը ՀՀ քաղաքացի է և ինքն է որոշում, թե որտեղ պետք է սովորեն իր երեխաները: Խնդիրը պետք չէ դիտարկել պետական դպրոցներին վստահել-չվստահելու կոնտեքստում, խնդիրն ընդամենը ցանկության մեջ է»: