01-09-2016 13:40

114 դպրոցում բացվեց քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակը

Երևանի Խաչիկ դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր նոր ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Ադամ Սահակյանի ծնողները, դպրոցի ողջ անձնակազմը, զինվորականներ ու աշակերտներ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակն ու Երևանի 114 ավագ դպրոցում բացեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված Ադամ Սահակյանի անվան դասասենյակ:

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն իր խոսքում նշեց, որ «Ադամ Սահակյան, ներկա» խորագիրն ընտրելով՝ իրենք ցանկացել են ասել, որ Ադամ Սահակյանը միշտ ներկա կլինի և՛ իր դպրոցում, և՛ իր տանը, և՛ իր երկրում, և՛ իր հողի վրա:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Ադամ Սահակյանի ծնողներին՝ ընդգծելով, որ նախարարությունը նրանց տրամադրության տակ է. «Ծնողների համար հիմա ամենադժվար պահն է, կորուստը հետո է սկսում զգացվել, մենք պետք է նրանց կողքին լինենք»,- նշեց նախարարը:

Խոսքն ուղղելով ներկաներին, նախարարն ասաց, որ հերոսն առանձնաշնորհյալ բան չէ, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ով ինչ-որ պահի կատարում է իր պարտականությունները.

«Եթե մենք իրենց հիշենք, մեր ճանապարհն ավելի հեշտ կլինի: Շատ հայտնի մի ֆրանսիացի փիլիսոփա ասել է՝ ներկաների, ապրողների իրական տերերը մեռելներն են, ողջերի իրական տերերը՝ անցավորները: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս երիտասարդների թափված արյունը ավելի ուժեղացնի մեզ, հակառակ պարագայում մեր ժողովուրդը հեռանկար չի ունենա»,- ասաց ԿԳ նախարարը:

Ադամ Սահակյանի անվան դասասենյակում նրա իրերն են, պարգևներն ու լուսանկարները:

Հիշեցնենք, որ Ադամ Սահակյանը զոհվել էր այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: 2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Ադամ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։