Բավ է պառակտվել
23-07-2016 15:21

Երևանում այս գիշեր 45-ամյա ծննդկան է մահացել

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս գիշեր 45-ամյա ծննդկան է մահացել, որն այնտեղ տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։

Տեղեկությունը հաստատեցին ծննդկանի հարազատները, ովքեր ենթադրում են, որ ծննդկանը մահացել է բժիշկների սխալի հետևանքով:

Ըստ հարազատներից մեկի, ով չցանկացավ ներկայանալ, կինը կեսարյան հատումով զույգ երեխա է ունեցել, սակայն վիրահատությունից հետո բարդություններ է առաջացել, արյունահոսություն է տեղի ունեցել, որը չեն կարողացել դադարեցնել, ինչից հետո ծննդկանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է:

«Շենգավիթ» ԲԿ–ից  պարզաբանեցին, թե արյունը չի մակարդվել, և այլ հիվանդություն էլ է ունեցել:

Նշենք, որ կինը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով:

Հարցմանն ի պատասխան «Շենգավիթ» բժշկական կենտրոնից գրավոր պարզաբանեցին, որ սույն թվականին Շենգավիթ ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։

«Պլանային կարգով կինը 21․07․2016թ․ ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման և կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հետվիրահատական շրջանում իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, արյունահոսությունը դադարել է, վիճակը կայունացել, սակայն հաջորդ առավոտյան ժամը իննի շրջանում կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Իրականացվել են կրկնակի խորհրդակցություններ առաջատար մասնագետների՝ հեմատոլոգի, նեֆրոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, ինտենսիվ թերապիան շարունակվել է։ Զուգահեռ որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ երկու բժշկական կազմակերպության տնօրենների փոխհամաձայնությամբ։

Կինը հուլիսի 22-ին տեղափոխվել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է բուժումը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Նախնական տվյալներով կինը մահացել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի պատճառով (արյան մակարդելիության ծանր խանգարում)։

«Շենգավիթ» ԲԿ-ի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին ու մերձավորներին»,-նշվում է պարզաբանության մեջ»։