Բավ է պառակտվել
28-05-2015 08:11

Երևանում տեղի է ունեցել խոշոր ցույց ընդդեմ էլեկտրականության թանկացման

Մի քանի հազար քաղաքացի հավաքվել է երեկ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում՝ պահանջելով իշխանություններից չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ակցիայի մասնակիցները դուրս են եկել հրապարակ պաստառներով, նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անարդար է և պահանջելով, որպեսզի իշխանությունները թույլ չտան նման միջոցի իրագործումը: ՀՀ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները և խմբերը նույնպես միացել են հանրահավաքի և երթի մասնակիցներին: Երթից առաջ ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ նախատեսում են անցկացնել հաջորդ հանրահավաքը հունիսի 19-ին: Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված հանրահավաքները և երթերը անցել են նաև ՀՀ մի շարք այլ քաղաքներում: Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի ավելի քան 40 տոկոսով բարձրացնելու մասին հայտ է ներկայացրել: ՀԷՑ-ի ներկայացուցիչները բացատրում են տվյալ քայլի անհրաժեշտությունը ընկերության կորուստներով: Միևնույն ժամանակ ՀՀ ընդդիմադիր ուժերը անհանգստություն են հայտնում վերջին երեք տարվա ընթացքում այդ երրորդ նախատեսվող թանկացման կապակցությամբ: Քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագները արդեն իսկ բավական բարձր են երկրում, իսկ ՀԷՑ-ը չպետք է փոխհատուցի «վատ կառավարումը, հափշտակությունը և կաշառակերությունը» սպառողների հաշվին: